16 փետրվարի 2012 - 20:46 AMT
Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում ներկայացրել է ՀՀ ավանդը թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում

Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցեց Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի և Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ ունեցավ նաև Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը և վերահաստատեց ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին և այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել և արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առևտուրն ու թրաֆիքինգը: