21 փետրվարի 2012 - 15:26 AMT
Թուրքական դպրոցի տնօրենն առաջարկել է ստեղծել հասարակության համար վտանգավոր երեխաների տվյալների բազա

Թուրքական Էրզրում քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում, տարրական դպրոցի տնօրեն Մուսթաֆա Այդինն առաջարկել է պետական մակարդակով ստեղծել ծրագիր այն երեխաների հաշվառման համար, ովքեր վտանգավոր են հասարակության համար, գրում են թուրքական ԶԼՄ-ը:

Մասնավորապես, նա առաջարկել է երկրի օրինապահ մարմիններում ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որտեղ պահվելու է երեխաների քրեական վարքի մասին ինֆորմացիա, ինչպես նաև այն երեխաների մասին տեղեկություններ, որոնք կարող են խախտել հասարակական կարգը:

Իր հերթին, կոնֆերանսին ներկա գտնվող Աթաթյուրք համալսարանի պրոֆեսորը նկատել է, որ բռնությունը կապված է ոչ միայն ընտանիքի հետ, այլ նաև շրջապատի: Ըստ նրա, յուրաքանչյուր երեխա մեկ անգամ կարող է կռվի մեջ ընկնել, սակայն, դա դեռ չի նշանակում, որ նա վտանգ է ներկայացնում հասարակության համար: