23 փետրվարի 2012 - 16:28 AMT
Մեկնարկել է «Mobile-Health» նախագծի պիլոտային փուլը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկան` «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության հետ համատեղ, հայտարարեցին ընկերության անլար տեխնոլգիաների վրա հիմնված «Mobile-Health» նախագծի պիլոտային կլինիկական գործարկման մասին, տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից։

Այս լուծումը հնարավորություն է տալիս հեռավորության վրա հետևել հիվանդի առողջությանը. կատարել համապատասխան չափումներ և արդյունքները փոխանցել մասնագետներին:

Զննումներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ կամ շարունակաբար և բջջային ցանցի միջոցով փոխանցվում են բուժող բժշկին: Հիվանդները համապատասխան չափումները կատարում են օգտագործման մեջդյուրին սարքերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, արյան ճնշման մոնիտորը կամ էլեկտրոկարդիոգրաֆը:

Սարքերի կոմպլեկտն իր մեջ ներառում է ավտոմատացված հաղորդակցման սարք, սենսորներից ստացվող տվյալները կուտակելով, Bluetooth միացմամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով դրանք անվտանգ և ճշգրիտ փոխանցում է հատուկ սերվերին` թույլ տալով բուժաշխատողներին վերահսկել հիվանդի առողջական վիճակը:

«Mobile-Health» լուծումը կիրառվում է հիմնականում սրտաբանության և թոքաբանության մեջ: Այն հնարավորություն է տալիս նաև արդյունավետ կառավարել ժամանակն ու ռեսուրսները, ճշգրիտ ախտորոշել և բուժել` նպաստելով հիվանդների կյանքի որակի բարձրացմանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G/3.75G ցանցերը ծառայում են հակակարկտային համակարգի, ինչպես նաև շտապ օգնության համակարգի կապի ապահովման նպատակով: