23 փետրվարի 2012 - 19:52 AMT
Օդեսսայի քաղաքապետը խոստովանել է առանձնահատուկ վերաբերմունքը հայերի հանդեպ

Փետրվարի 22-ին Օդեսսայում կայացավ «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպության և Օդեսսայի հայ համայնքի ընդլայնված նիստը: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, Ուկրաինայի հայ համայնքի և հայերի միության միջոցառմանը ներկա է գտնվել Օդեսսայի քաղաքապետ Ալեքսեյ Կոստուսևը: Երկխոսության շրջանակում նա` որպես քաղաքապետ, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող բոլոր հարցերին:

«Ես հայերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Երբ իմ պապիկին 37 թվին աքսորեցին, իմ հորը դաստիարակեց ազգությամբ հայ խորթ հայրը: Դա, իհարկե, իր հետքն է թողել և վերաբերմունք է ձևավորել հայ ժողովրդի հանդեպ»,- հայտնել է Օդեսսայի քաղաքապետը: Նա տեղի իշխանությունների համակողմանի աջակցությունն է խոստացել նորեկ հայերի (ոչ Ուկրաինայի քաղաքացի) և իմիգրացիոն ծառայության միջև բարդ հարաբերություններում:

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանն իր հերթին հայտնել է, որ Օդեսսայում բնակվող հայերն ակտիվորեն մասնակցում են քաղաքի մշակութային և քաղաքական կյանքին: Նա շնորհակալություն է հայտնել տեղի իշխանություններին, որոնք առավելագույն հարմարավետ պայմաններն են ստեղծում, որպեսզի հայերն ապրեն ու բարգավաճեն Օդեսսա գեղեցիկ քաղաքում: