24 փետրվարի 2012 - 18:15 AMT
Մշակույթի նախարարությունը շարունակում է վրացիների հետ քննարկել Սբ. Նշան եկեղեցու խնդիրները

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Թբիլիսի Սբ. Նշան եկեղեցու հետագա պահպանությանն առնչվող խնդիրներն աշխատանքային կարգով շարունակվում են քննարկվել վրացի գործընկերների հետ: Մասնավորապես ի պատասխան Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու մաքրման աշխատանքների ու պահպանության վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հարցման` Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը 2012 թ. փետրվարի 16-ին տրամադրել է տեղեկույթ, որի համաձայն ամբողջովին մաքրվել է եկեղեցու ներսում գտնվող թղթի կիսաայրված զանգվածը: Եկեղեցու պահպանվածության վիճակին հետևելու, հնարավոր փոփոխությունները փաստելու նպատակով վրաց մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձան, իրականացնում պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրացական կողմի հետ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակիցների առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև 2012 թ. եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: