ԱՄՆ-ում նկարահանվելու է Արթուր Բաբայանի «Հարսնացուն Վեգասից» (The Bride From Vegas) հայ-ամերիկյան ռոմանտիկ կոմեդիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ԱՄՆ-ից հայտնեց ռեժիսորը: «Ֆիլմի գաղափարը ծնվեց երբ ես և հարսնացուս` Արմինեն, գնացինք Լաս Վեգաս ծնողներիս տեսնելու: Ճանապարին միտք հղացավ որ Լաս Վեգասի մասին կինո նկարահանենք: Երեք օր հետո արդեն սցենարը պատրաստ էր», ասաց Բաբայանը:
Նկարահանումները սկսվելու են մի քանի ամսից, այժմ ընթանում է նախապատրաստական էտապը: Նկարահանումները տևելու են 20 օր: Նկարահանող խումբն ակնկալում է, որ ֆիլմը պատրաստ կլինի 2013-թ.-ին և հասանելի կլինի բոլորի` նաև մեր հայրենակիցների համար:
Բաբայանը, ով արդեն 13 տարի է ապրում է ԱՄՆ-ում, նշեց, որ Ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Լաս Վեգասում և Լոս Անջելեսում. «Գյուղական տեսարանները նկարահանվելու են Կալիֆորնիայի խուլ գյուղերում, որոնք չեն զիջում մեր Հայաստանի գյուղերին իրենց գեղեցկությամբ: Իհարկե մենք կուզենայինք Հայաստանում նկարահանել, բայց բյուջեյի խնդիր կա», հստակեցրեց ռեժիսորը: Բաբայանն ասաց, որ դեռ վաղ է խոսել պրեմիերայի վայրի և ֆորմատի ամսին, քանի որ հավանաբար ֆիլմը վաճառվելու է, և նրանք չեն համակարգելու ցուցադրման գործընթացը:
Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Երիտասարդ գյուղացի տղան` Մկոն, որոշում է գնալ Լաս Վեգաս և գտնել այն կնոջը, ով պատկերված է թռուցիկի վրա: Արդյունքում նա գտնում է իր իսկական սերը:
Արթուր Բաբայանը Էմի Ավետիքյանի հետ ֆիլմի սցենարիստն է: Գլխավոր դերում հանդես են գալիս Մկրտիչ Էլբակյանը և Օլիվիա Յորքը: Ֆիլմում նկարահանվելու են նաև սիրված դերասաններ Ալլա Թումանյանը և Լևոն Շառաֆյանը: Ֆիլմը նկարահանվելու է LooxArt Production-ում: