29 փետրվարի 2012 - 11:53 AMT
Anonymous-ը գրոհել է Ինտերպոլի կայքը՝ ի պատասխան իր 25 անդամների ձերբակալության

Հաքերների Anonymous խմբավորումը գրոհել է Ինտերպոլի կայքը՝ ի պատասխան իր 25 անդամների ձերբակալության: Այդ մասին հաղորդագրությունը նրանք հրապարակել են իրենց միկրոբլոգում:

Forbes-ը նշում է, որ միջազգային կառույցի կայքը ենթարկվել է DDoS-հարձակման և անհասանելի է եղել 20-30 րոպե: Հարձակման մասին հաղորդագրությունից մի քանի ժամ անց ինտերնետ-ռեսուրսը դեռ խափանումներով էր աշխատում:

Արդյոք գրոհի ընթացքում որևէ տեղեկատվություն է առևանգվել, չի հաղորդվում:

Նախօրեին, Չիլիիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Anonymous-ի 25 անդամների: Ողջ գործողությունը համակարգել է Ինտերպոլը, որի համար առիթ են հանդիսացել կիբերհարձակումները Չիլիի ու Կոլումբիայի կառավարական ինտերնետ-կայքերի վրա:

2010թ. ի վեր Anonymous-ը բազմիցս է հարձակվել խոշոր պետական գերատեսչությունների ու այնպիսի մասնավոր կորպորացիաների ինտերնետ-ռեսուրսների վրա, ինչպիսիք են PayPal, Visa և MasterCard, Sony և այլն:

Anonymous-ը պայքարում է կայքերի գրաքննության մասին թուրքական կառավարության որոշման դեմ: Նրան են մեղադրում որոշ բանկերի ու ընկերությունների, օրինակ Sony ընկերության PlayStation Network կայքը կոտրելու, ինչպես նաև Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերը կոտրելու համար: