5 մարտի 2012 - 14:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականում մրցակցությունը շատ է մեծացել

«Կիպրոսյան խաղերի հիմնական նպատակը մեր ռեզերվը ստուգելն էր և տեսնել` պատրաստ են նրանք համալրելու հավաքականը: Շատ կարևոր էր նաև գործի մեջ տեսնել այն խաղացողներին, որոնք անցած տարի շատ չեն խաղացել:

Նախապատվությունը Կանադայի հետ հանդիպմանն էինք տվել, որովհետև այն վարկանշային էր, բացի այդ, ընկերական խաղերից առաջ հիմնական խաղացողները ուշ էին ժամանել և մեկ օր էլ տվեցինք նրանց հանգստանալու համար»,- մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանելով հավաքականի վերջին երկու հանդիպումները:

Կանադայի դեմ խաղում իր նորամուտը նշեց և իր հաշվին գոլ գրանցեց Արազ Օսբիլիսը: Մինասյանի կարծիքով, նա շատ հեշտ հարմարվեց թիմին. «Արազը շատ օգուտ է տալու մեր հավաքականին, նրա պոտենցիալը ավելի մեծ է, և Կանադայի դեմ խաղում նա ամբողջ ուժով չի խաղացել»,-ասել է նա:

Փետրվարյան հավաքին հրավիրված էր նաև Նորայր Մամեդովը, սակայն նա չմիացավ թիմին: Մարզչի հավաստմամբ, նա շատ ուրախ էր հավաքական հրավիրվելու համար, բայց նոր էր ապաքինվել վնասվածքից և ցանկություն ուներ խաղալ իր ակումբում:

«Հավաքականում մրցակցությունը ավելի է մեծացել: Թիմում մնում է միայն դարպասապահի խնդիրը: Առաջիկայում մենք երեք ընկերական խաղ ունենք դեռ, և շատ դարպասապահներ կան, որոնց փորձելու ենք: ԱԱ ընտրական մրցաշարի առաջին խաղում Ռոման Բերեզովսկին բացակայելու է, և ով օպտիմալ վիճակում կլինի, նա էլ այդ խաղում հանդես կգա»,- ընդգծել է մարզիչը:

Մարզչի խոսքով, կիպրոսյան հավաքը շատ հարցերի պատասխան տվեց: Մյուս անգամ թիմը հավաքվելու է մայիսին, և հավաքը հիմնականում տակտիկական ուղվածություն է ունենալու:

Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը մրցելու է Հունաստանի ընտրանու հետ, մեկ խանդիպում էլ, ամենայն հավանականությամբ, կլինի հունիսի 5-ին, սակայն մրցակիցը առայժմ հայտնի չէ: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ վերջին հանդիպումը Վարդան Մինասյանի սաները կանցկացնեն Բելոռուսի հավաքականի դեմ:

ՖՈՏՈՇԱՐՔ