5 մարտի 2012 - 15:18 AMT
Դավիթ Բաբայան. Ադրբեջանցիներն Արցախ չեն այցելել

Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե միլի մեջլիսի անդամները, լրագրողները, Խորհրդարանական լրագրողների միության նախաձեռնությամբ, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի աջակցությամբ այցելել են Արցախ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, դա ընդամենը ադրբեջանցիների հերթական սադրանքն է: «Մենք դեմ չենք, որ տարբեր երկրների, այդ թվում Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեն Լեռնային Ղարաբաղ, բայց դրա համար պայմանավորվածություն է պետք երկրի իշխանությունների հետ»,-ասել է նա:

Անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի գործունեությանը՝ Դավիթ Բաբայանն ասել է, որ դա անհասկանալի կազմակերպություն է, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով: «Այդ կազմակերպությունը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղ այցելության հարցեր»,-ասել է Բաբայանը: