7 մարտի 2012 - 15:50 AMT
Այսօր Նիկոլյա Սարկոզին կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին 17:30-ին` երևանյան ժամանակով 20:30, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է «Le Figaro»-ն: Ֆրանսիացի նախագահը որոշել է հանդիպել հայ համայնքի հետ Սահմանադրական խորհուրդում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ էր համարելուց հետո մեկ շաբաթ անց:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 29-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Դրանից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարել էր կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ, որը Հայոց ցեղասպանության համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: