Գործազուրկների իրավունքների պաշտպանության ընկերակցությունների, ինչպես նաև արհմիությունների մոտ 60 անդամներ ներխուժել են Ելիսեյան դաշտերում գտնվող Fouquet’s փարիզյան ռեստորան և հրաժարվել են լքել այն ընդհուպ մինչև ոստիկանության ժամանումը: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդում է Le Figaro թերթը: «Մենք զբաղեցրել ենք այս հաստատությունը, որը սոցիալական անհավասարության խորհրդանիշն է, մի փուլում, երբ նախագահական ընտրությունների նախաշեմին մեր երկրում շատ քիչ են խոսում գործազրկության խնդրի մասին»,- լրագրողներին են հայտնել ակցիայի կազմակերպիչները:
Թերթի հաղորդմամբ, ռեստորանի երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել այդ ակցիայի ժամանակ: Վերջիվերջո դեպքի վայր շտապ ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին:
Fouquet’s հաճախ են այցելում հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ: Այդպես 2007թ. այդ ռեստորանում Նիկոլյա Սարկոզին տոնեց իր հաղթանակը նախագահական ընտրություններում: