8 մարտի 2012 - 10:01 AMT
Նիկոլյա Սարկոզին հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագծի մշակման իր մտադրությունը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագծի մշակման իր մտադրությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էկյանը, մարտի 7-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահը ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների պատվիրակությանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանին, հայտնի կինոգործիչ Ալեն Թերզյանին և այլոց: Հանդիպման ընթացքում Սարկոզին հայտարարել է, որ եթե վերընտրվի նախագահի պաշտոնում, նա Ֆրանսիայի խորհրդարան կներկայացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր նախագիծ:

Ըստ նրա, Ֆրանսիայի տարածքում անընդունելի է Հայոց ցեղասպանության ժխտման փաստը: «Ֆրանսիան ձեր կողմից է:

Ժխտումը չի կարող կարծիք լինել, այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգումն է»,-ընդգծել է Սարկոզին:

«Հայ համայնքը, ինչպես նաև մյուսները, իրավունք ունի օրենքով պաշտպանված լինելու, և հենց այդ պատճառով կառավարությանը խնդրել եմ նոր տեքստ նախապատրաստել: Կարող եմ վստահեցնել այս հարցում հաջողության հասնելու պատրաստակամությանս»,-ընդգծել է նա:

«Նա, ով ժխտում է ցեղասպանությունը, փորձում է ջնջել մարդկանց պատմական հիշողությունը և անտեսում է մարդկության դեմ կատարված հանցագործությունը, ազդում է ողջ մարդկության վրա»,-ընդգծել է Սարկոզին:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 29-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Սարկոզին կառավարությանը հանձնարարել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ մշակել:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: