12 մարտի 2012 - 20:24 AMT
Մշակվել է Հայաստանի ռազմական կրթության հայեցակարգը

Հայաստանի կառավարությունը մարտի 7-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին և ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ՀՀ զինված ուժերում զինծառայողների ռազմական կրթությունը կազմակերպվում և իրականացվում է ընթացիկ իրավական ակտերի` ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների հիման վրա: «Ընդհանուր հայեցակարգային մոտեցման բացակայության պայմաններում ՀՀ կրթական համակարգի բաղադրիչը կազմող ռազմակրթական համակարգը զարգանում է նվազ տեմպերով, ինչը դժվարություններ է առաջացնում ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների կադրային ճկուն քաղաքականության ու նրանց որակավորման գործընթացում:

Պաշտպանական բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության համակարգի զարգացումը հանդիսանում է գերակա խնդիր: Ըստ այդմ` միասնական հայեցակարգային մոտեցումների իրավական ամրագրումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել զինծառայողների ռազմական գիտելիքների հմտություններին տիրապետող և բարձր որակավորում ունեցող կադրերի առաջխաղացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով նախատեսվում է երաշխավորել յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ քաղաքացիական բուհերի և արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում:

Նախատեսվում է նաև կարճաժամկետ և երակարաժամկետ հեռանկարում ներդնել ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական (ենթասպայական) կազմի կրթության և վարժանքի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին և Բոլոնիայի գործընթացին համահունչ: