13 մարտի 2012 - 10:07 AMT
Ամերիկյան սենատորներն առաջարկում են խզել Ռուսաստանի հետ ռազմական գործարքը Սիրիայի պատճառով

Մի խումբ ամերիկյան սենատորներ Պենտագոն են դիմել Աֆղանստանի համար ռուսական ուղղաթիռների գնման վերաբերյալ Ռոսօբորոնէքսպորտի հետ կնքված գործարքը խզելու առաջարկով ՌԴ կողմից Սիրիային զենքի շարունակական մատակարարման պատճառով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Դիմումի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առթիվ, որ կնքված գործարքների գումարները ստանում է «մի կազմակերպություն, որը, ըստ էության, հանցակից է չարագործություններին Սիրիայում»` նկատի ունենալով Բաշար Ասադի կառավարությանը զենքի մատակարարման վերաբերյալ Ռոսօբորոնէքսպորտի գործող պայմանագրերը:

Սենատորների կարծիքով` ամերիկյան հարկատուները, ում հաշվին փաստացիորեն վճարվում է ուղղաթիռների դիմաց, չպետք է «այնպիսի դրության մեջ հայտնվեն, երբ նրանք անուղղակիորեն ֆինանսավորում են Սիրիայի քաղաքացիների զանգվածային սպանությունները»:

Ընդհանուր առմամբ դիմումի տակ ստորագրել են 17 ամերիկյան սենատորներ: