15 մարտի 2012 - 17:12 AMT
Երևանում մեկնարկել է Հայաստանում ընտրությունների անցկացման աջակցության ԵԱՀԿ և ԵՄ ծրագիրը

Երևանում պաշտոնապես մեկնարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության ծրագիրը, որն իրականացվում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: Մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեղակալ Կարլ Հոֆստրան:

Ծրագրով նախատեսվում է թեժ գծի ստեղծում, կստեղծվի նաև արագ արձագանքման խումբ, որը կմեկնի միջադեպերի հետքերով, որին կանդամակցեն պրոֆեսիոնալ իրավաբաններ:

Ծրագրի շրջանակներում վեց քաղաքներում՝ Գյումրի, Կապան, Գավառ, Իջևան, Եղեգնաձոր, Վանաձոր, կբացվեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բաժանմունքները, որոնք կաջակցեն ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը:

Ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 1,7 մլն եվրո, ծրագիրն իրականցնում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: