Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի կատարում երեկ ստորագրված համաձայնագրի պայմանները: «Սակագները ոչ մի լումա չեն իջեցվել, գործում են նախկին սակագները, մինչդեռ «Արմավիա» ավիաընկրությունը արդեն իսկ վճարել է խոստացված գումարի 50 տոկոսը»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ «Արմավիա» ավիաընկերության հետ համաձայնության են եկել և ստորագրել են համաձայնագիր:
Երեկ ստորագրված համաձայնագրով «Արմավիան» պարտավորվել էր մինչև սեպտեմբեր մարել 5 մլն 300 հազար դոլար պատքը: Իսկ «Զվարթնոցը» իր կողմից սահմանել էր հատուկ սակագներ, որը և պահանջում էր «Արմավիան»: Նշվում էր, որ օդանավակայանի կողմից սահմանված նոր սակագները կգործեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Պարտքի մարման առաջին վճարումը համաձայնագրով սահմանված է մարտի 31-ին:
Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը գործադուլ էր հայտարարել: Ընկերությունից հայտնում էին, որ գործադուլը պայմանավորված էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ, ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Գործադուլը հայտարարելուց մի քանի ժամ անց ընկերությունը վերսկսել էր աշխատանքը: Զուգահեռ ընթանում էին բանակցություններ ավիաընկերության, օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի վարչության միջև: «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչները նաև չէին բացառում ընկերությունը սնանկ հայտարարելու հավանականությունը, եթե «Զվարթնոցը» զիջումների չգնար: