16 մարտի 2012 - 19:58 AMT
ԱՄՆ-ում Սուդանի պատճառով ձերբակալվել է Ջորջ Քլունին

Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է դերասան Ջորջ Քլունին: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Քլունիի հետ միասին ձերբակալվել է նաև նրա հայր Նիկը, Վիրջինիա նահանգից կոնգրեսական Ջիմ Մորգանը և իրավապաշտպան Բեն Ջիլոսը: Բողոքի ակցիայի անցկացման ժամանակ ոստիկանությունը երեք անգամ զգուշացրել է մասնակիցներին չհատել ոստիկանական պատնեշը դեսպանատան շուրջ:

Բողոքարարները Սուդանի կառավարությանը մեղադրում էին խաղաղ բնակիչների սպանության, հումանիտար ճգնաժամ սադրելու և Հարավային Սուդանին օգնությանը խոչընդոտելու մեջ:

Օրերս դերասան և իրավապաշտպան Ջորջ Քլունին ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատում, որտեղ ներկայացրել է ներկայիս իրադրության մասին Սուդանում: Դարֆուրում` Սուդանի արևմտյան շրջանում, 2003 թվականից շարունակվում են ռազմական գործողությունները Սուդանի կառավարության և ապստամբական խմբավորումների միջև, որոնք անջատում են պահանջում: ՄԱԿ-ի տվյալներով այդ ընթացքում հակամարտությանը զոհ է գնացել 300 հազար մարդ: Սուդանի կառավարությունը պնդում է, որ զոհերի թիվը չի գերազանցում մի քանի հազարը:

Դերասանը Սուդանի զինված խմբավորումների մասին տեղեկատվության հավաքմամբ և վերլուծությամբ զբաղվող Satellite Sentinel Ptoject կազմակերպության հիմնադիրներից է: