17 մարտի 2012 - 21:37 AMT
Անահիտ Բախշյան. Մաշտոցի պուրակի ոստիկաններն այս անգամ թրեյնինգ էին անցել

Մաշտոցի պուրակում ծավալված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոստիկաններն արդեն իրենց բառապաշարը հղկելու հարցում «հատուկ թրեյնինգներ» են անցել: Այսօր ՀՀ ոստիկանությունում կայացած կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի նստացույցի ժամանակ ոստիկանների ցուցաբերած վերաբերմունքը վերհիշելով`կարող ենք ասել, որ մեր ոստիկանները աշխատում են քաղաքակիրթ լինելու ուղղությամբ»,-նշեց նա:

Անդրադառնալով ոստիկանների կողմից Մաշտոցի պուրակի ակտիվիստների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքին` Անահիտ Բախշյանը նկատեց, որ նրանք արել են ամեն հնարավորը`բնապահպանական ակցիայի շրջանակներում մասնակիցների ակտիվությունը կանխելու համար:

«Ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, թե իբր պուրակի մոտ գտնվող հիվանդանոցի տնօրենը դժգոհում է ակտիվիստների անկարգություններից: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցի հիվանդանոց, պարզվեց` հիվանդանոցի տնօրենն առհասարակ քաղաքում չէ»,-պատմեց Անահիտ Բախշյանը: