20 մարտի 2012 - 11:02 AMT
«Հրապարակ». ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը անցել է կոշտ պայքարի

Մասիսի թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը, թերթի տեղեկություններով, արդեն անցել է կոշտ պայքարի: Հայտնի է, որ նա բավականին ուժեղ մրցակից ունի` ի դեմս գործող պատգամավոր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի: Իսկ Մուրադյանի պայքարն ավելի է բարդացնում Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետի հանգամանքը:

«Հրապաակին» լուրեր են հասել, որ Մուրադյանն ու իր թիմակիցները սկսել են հակառակ ճամբարի վրա ճնշումներ գործադրել:

Մասնավորապես, Մասիսի հարկայինի պետ Մովսես Արոյանը, ով նաև Մուրադյանի աներորդին է, ԲՀԿ-ական միջին բիզնեսմենների վրա հարկային ծանր պարտավորություններ է դրել` խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը: Ի դեպ, անցած ընտրություններում Մուրադ Մուրադյանն աշխատել է հօգուտ Դաշնակցության համամասնական ցուցակի: