20 մարտի 2012 - 15:35 AMT
Ա. Գևորգյանը եւ Վ. Բասարգինը քննարկել են միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների միջեւ հարաբերությունների զարգացման եւ նախարարությունների միջեւ համագործակցության հարցեր:

Կողմերն անդրադարձան մարտի 13-ին Գյումրիում կայացած Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի`միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստին ` դրական գնահատելով արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Զրուցակիցները կարեւորեցին պայմանավորվածությունների ժամանակին իրագործումը` ընդգծելով այդ գործում կողմերի պատրաստակամությունը: Նշվեց, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները բավականին ընդգրկուն են, ուստի խումբը չի կարող սահմանափակվել միայն տարեկան նիստերի անցկացմամբ, եւ տարվա ընթացքում մեծ ծավալի համատեղ աշխատանք պետք է իրականացվի:

Անդրադարձ եղավ նաեւ այս տարվա ընթացքում հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին: Կողմերը հույս հայտնեցին, որ այն ավելի գործնական բնույթ կունենա` նպաստելով փոխշահավետ կապերի զարգացմանն ու նորերի հաստատմանը: Նշվեց, որ երկու երկրներում էլ շահագրգիռ կառույցներն ու կազմակերպությունները հետաքրքրությամբ են սպասում երկրորդ համաժողովին:

Մինչ այդ, Հայաստանի մարզպետարանների եւ ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր եւս, անդրադարձ եղավ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: