20 մարտի 2012 - 18:20 AMT
Արցախ. Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը հեռացնում է ղարաբաղյան կարգավորման հեռանկարը

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է «Հաշտության պաշարներ» (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին, Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր դերը մարդասիրական հարցերի լուծման և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար:

Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում կազմակերպության իրականացվող ծրագրերը, նշելով, որ դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանը անդրադարձել է ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին, մի շարք մարդասիրական հարցերի, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը և կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: Ընդսմին նա նշել է, որ բանակցություններում պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը և պաշտոնական մակարդակի վրա հայատյաց քաղաքականության վարումը հեռացնում են հակամարտության կարգավորման հեռանկարը` ուժեղացնելով կողմերի հասարակությունների թշնամական վերաբերմունքը:

Դրա հետ մեկտեղ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է երկխոսության և համագործակցության համար, ընգծելով տեղում իրական վիճակին ծանոթանալու համար տարբեր մակարդակի եվրոպացի պաշտոնյաների պարբերական այցերի անհրաժեշտությունը:

Վասիլի Աթաջանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել կազմակերպության գործունեությանը: