20 մարտի 2012 - 21:37 AMT
«Օրինաց երկրի» առաջին եռյակն ընտրություններում` Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան և Արմեն Երիցյան

«Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության 15-ամյակին նվիրված հանդիսավոր համերգի ժամանակ ներկայացրել է «քաղաքական թիմը», որով «Օրինաց երկիրը» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Բաղդասարյանը ներկայացրել է ցուցակի երկրորդ և երրորդ համարներին` խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյան, ինչպես նաև ընտրացուցակի անդամներին և որոշ թեկնածուների մեծամասնական ընտրակարգով: Հարկ է նշել «Օրինաց երկրի» ընտրացուցակում պաշտպանության նախարարի նախկին մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանի ներկայությունը:

Դրանից առաջ Բաղդասարյանը համերգի մասնակիցներին հիշեցրել է կուսակցության պատմությունը` հայտնելով, որ այժմ դրա անդամ է 160 հազ. հոգի: «15 տարի շարունակ մեր քաղաքական կազմակերպությունը քայլում է մեր ժողովրդի կողքին, ապրում նրա խնդիրներով, բարձրացնում դրանք»,- նշել է նա:

Բաղդասարյանն ընդգծել է, որ «Օրինաց երկրի» գործունեության գլխավոր նպատակը «Օրինաց Հայաստանի» կառուցումն է:

«Օրինաց երկրի»` համերգին ներկա անդամներին ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ընթերցվել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարտենսի ողջույնի խոսքը: