22 մարտի 2012 - 12:13 AMT
ԱՀՀ-ն ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Արդարությունը հաղթանակելու է, դա զուտ ժամանակի հարց է

Ամերիկայի Հայկական hամագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ներկայացումը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը, հայտնել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման պարբերաբար կրկնվող գործընթացը պայքար է շահի և բարոյականության միջև:

Այն նախագահը, որի օրոք ճշմարտությունը կհաղթանակի, իրավունք կունենա կրել ամենաժողովրդավարական երկրի արդար ընտրված նախագահի բարձր տիտղոսը»: Դարբինյանը նշել է` չափազանց կարևոր է, որպեսզի հարցը դիտարկվի ոչ թե նեղ ազգային տեսանկյունից, այլ համամարդկային արժեքների համատեքստում, ինչը, կարծես, այս անգամ, ի տարբերություն նախորդ 252 Ներկայացուցիչների Պալատի բանաձևի, ընդգծված է. «հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածումը, թուրքերի կողմից հայերի ջարդերը, նացիստների կողմիցմիլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը ցեղասպանություն հանցագործության ակնառու օրինակներ են»:

Դարբինյանի կարծիքով` եթե նույնիսկ քննարկումներին հետևեն թուրքական պաշտոնյաների ծայրահեղ հիստերիկ արձագանքները կամ պետքարտուղարության զգույշ և անսկզբունքային, ընդգծված դիվանագիտական ձևակերպումները, կամ Միացյալ Նահանգների նախագահի տարօրինակ հիշողության խանգարումները ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձում` արդարությունը, միևնույն է, հաղթանակելու է, դա զուտ ժամանակի հարց է:

Իսկ ինչ վերաբերում է Ամերիկայի Հայկական համագումարին, ապա ըստ Դարբինյանի, կազմակերպությունն, օգտագործելով ողջ փորձն ու ներուժը, առավել եռանդով շարունակելու է ազգանվեր գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողական տրամադրություններն արմատախիլ անելու ուղղությամբ: