Մարտի 25-26 Մոսկվայում կկայանա սամբոյի աշխարհի Սուպերգավաթի փուլը՝ Անատոլի Խարլամպիևի հուշամրցաշարը:
Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն 3 սամբիստներ` Տիգրան Կիրակոսյանը (52կգ ք/կ), Գարիկ Քոսակյանը (68 կգ ք/կ) և Արև Անտոնյանը (57կգ ք/կ): Հավաքականին ուղեկցում է Հայաստանի վաստակավոր մարզիչ Էդուարդ Ասլանյանը, որը մրցաշարի ընթացքում դատելու է մենամարտերը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, մրցաշարին Հայաստանը ներկայացել է փոքր կազմով, քանի որ կան ֆինանսական խնդիրներ:
«Գումարները, որոնք մենք ստանում ենք Հայստանի սպորտի նախարարությունից, ծախսում ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու վրա: Այս մրցաշարին կարողացել ենք մարզիկներ ուղարկել հովանավորների ֆինանսական աջակցության շնորհիվ: Ֆինանսական խնդիրների պատճառով հավաքականը չի մեկնել անգամ հավաքի. Սամբիստները մարզվել են իրենց անհատական մարզիչների հետ»,-ասել է Հայրապետյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով, սա Եվրոպայի երիտասարդական առաջանությանը նախորդող նախապատրաստական մրցաշար է: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 5-9-ը:
Սամբո սպորտաձևի հիմնադիր Խարլամպիևի հուշամրցաշարը աշխարհի Սուպերգավաթի 4 մրցաշարերից է: Այս մրցաշարը Մոսկվայում տեղի կունենա 33-րդ անգամ:
Մրցաշարին կմասնակցի 28 երկիր: Մրցումները կանցկացվեն 22 քաշային կարգերում: Սպասվում է, որ մրցագորգ դուրս կգան ավելի քան 250 մարզիկներ: