ԱՄՆ Կոնգրեսականները զգուշացնում են Քոնդոլիզա Ռայսին Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որտեղ տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմը վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA), նամակի նախաձեռնողները ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն են: Կոնգրեսականները նշում են, որ պաշտոնական Բաքուն խարխլում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղված ԱՄՆ վարչակազմի ջանքերը: «Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ պատերազմով սպառնում է Հայաստանին: Սակայն, վերջին հայտարարությունները, որ արվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ապացուցում են, որ հռետորությունը վերածվել է շատ իրական եւ վտանգավոր սպառնալիքի»,-նշվում է ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում:



Փետրվարի 15-ին Կոնգրեսում տարածվել է նաեւ Աջակցման խմբի նամակը, որով առաջարկվում է նշել Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը: «Որպես ամերիկացիներ մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության խիզախությունը ժողովրդավարությանը սատարելու եւ ժողովրդական շարժման առաջացման գործում, որը տարածվեց ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններում եւ Վարշավյան պայմանագրի երկրներում: Մենք գտնում ենք, որ այդ շարժումը ոչ միայն ազատություն բերեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այլ նաեւ իր ներդրումն ունեցավ աշխարհի անվտանգության ապահովման գործում: Դիմագրավելով ագրեսիային, շրջափակմանը եւ այլ մարտահրավերներին Ղարաբաղի ժողովուրդը ժողովրդավարություն էր կառուցում, նպաստում էր շուկայական տնտեսության հաստատմանը եւ կառուցողական դիրքերից համագործակցում էր միջազգային հանրության հետ տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ համագործակցության նպատակով»,-ընդգծվում է նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---