23 ապրիլի 2016 - 11:17 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի ուղերձը Ցեղասպանության մասին «միակողմանի է» համարում

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարելիցին:

Թեև Օբաման իր նախագահության վերջին տարում ևս խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, այնուամենայնիվ, նրա ուղերձը այս անգամ ևս դժգոհություն առաջացրեց Թուրքիայում:

Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի հայտարարությունը Ցեղասպանության մասին «միակողմանի է» համարում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի բարեկամ և դաշնային երկրների սատարումն այն ուժերին, որոնք «ջանում են սրել իրավիճակը, հայ և թուրք ժողովրդների խաղաղ համատեղ ապագային նպաստելու փոխարեն, տխրեցնում է Թուրքիային»:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը, հիմնվելով պատմական իրողությունների վրա, չեզոք և կառուցողական դիրքորոշում որդեգրել»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:

«Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, և այն չի փոփոխվել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց