«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» վերսկսում է իր «Օգնության ձեռք» նախագիծը, որը նպատակ ունի անվճար հետազոտություններ իրականացնել և հնարավորության պարագայում անվճար դեղորայքային և նեղ մասնագիտացված բուժօգնություն մատուցել ՀՀ մարզերի բնակչության առավել խոցելի խմբերին:
Սեպտեմբերի 15-ին նախագծի մասնագիտական թիմը՝ բաղկացած գինեկոլոգներից, ուրոլոգներից, մանկաբույժներից, էնդոկրինոլոգներից, թերապևտներից, ստոմատոլոգներից, հոգեբաններից, վնասվածքաբաններից, նյարդաբաններից, մաշկաբաններից և այլ նեղ մասնագետներից, Արարատի մարզի Լանջազատ գյուղում էր: Համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար ախտորոշում և անվճար բուժօգնություն ստացան նախօրոք հերթագրված և տարբեր տարիքային խմբերում ընդգրկված 95 մարդ:
Նախագծի հեղինակ և համակարգող Անուշ Բադալյանի խոսքով՝ «Նախաձեռնության միջոցառումները ծառայելու են միայն մեկ խնդրի՝ բուժօգնություն ստանալու հնարավորություն ստեղծել բնակչության այն հատվածի համար, որը բավարար հնարավորություններ չունի հետազոտվելու և բուժվելու սեփական միջոցներով: Հետազոտված և առավել խորը մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը հնարավորության դեպքում կապահովվի նախագծի հաջորդ փուլերում»:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Օգնության ձեռք» բարեգործական նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հունվարից: Նախագծի առաջին փուլում ախտորոշիչ միջոցառումներ են իրականացվել Վանաձոր քաղաքի «Հույսի տուն» ինտերնատում, «Ծերերի տուն» ինտերնատում, «Օրրան» բարեգործական հիմնադրամում, Գյումրի քաղաքի ծերերի տուն ինտերնատում, Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցում և «Թռչունյաց տուն» կրթահամալիր-մանկատանը: «Հույսի տուն» ինտերնատում արդեն բուժզննում անցած հիվանդները նաև դեղորայքային անվճար բուժօգնություն են ստացել: