17 հոկտեմբերի 2016 - 11:29 AMT
ՄԱԿ-ը հերքել է իր աշխատակիցների ժամանումը Հալեպ գրոհայիններին տարհանելու նպատակով

ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հերքում է իր աշխատակիցների ժամանումը Հալեպ գրոհայիններին դուրս բերելու նպատակով, հայտնել է Sputnik գործակալությունը վարչության պաշտոնական ներկայացուցչի վրա հղումով:

«Այն, որ ՄԱԿ աշխատակիցները հոկտեմբերի 15-ին ժամանել են Հալեպի արևելյան հատված գրոհայիններին տարհանելու համար, բացարձակ սուտ է»,-ասել է գործակալությանը վարչության ներկայացուցիչ Լինդա Թոմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ աղբյուրն իրադարձությունների վայրից հայտնել էր, որ ՄԱԿ աշխատակիցները ժամանել են Հալեպի թաղամասերից մեկը` Բուստան ալ Քասր, զինյալ կազմավորումների գրոհայիններին քաղաքի արևելյան հատվածից դուրս բերելու համար: Ըստ աղբյուրի, տարհանումը կարող էր հենց նույն օրը սկսվել:

Ավելի վաղ «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու առաջարկով էր հանդես եկել Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան: Ռուսաստանը հավանություն էր տվել գաղափարին: