4 հոկտեմբերի 2017 - 12:09 AMT
ՏԷՖԻ 2017. Ջանիբեկյանի Comedy Club-ն ու Բաբայանը՝ մրցանակակիրներ

Մոսկվայում պարգևատրել են հեռուստատեսային արվեստների բնագավառում շնորհվող ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներին «Երեկոյան փրայմ» անվանակարգում:

«Լավագույն հումորային ծրագիր/շոու» անվանակարգում ՏԷՖԻ է ստացել Comedy Club-ը: Պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն այդ կապակցությամբ ասել է. «12 տարի մենք դափնեկիրներ ենք եղել՝ մրցանակների չարժանանալով: Հեռուստահանրությունը ուշադրություն չէր դրաձնում մեր վրա: 12 տարի անց դուք ուշադրություն դարձրեցիք: Ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ, փոխվե՛լ է պետք»:

Իսկ ռուսաստանաբնակ հայտնի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը «Ձայնի իրավունքից» ճանաչվել է լավագույն հաղորդավար: Լավագույնն են ճանաչվել նաև Օլգա Սկաբեևան և Եվգենի Պոպովը «60 րոպեից»:

Լավագույն զվարճային հաղորդում է ճանաչվել «Ռոսսիա 1»-ի «Կապույտ թռչունը», իսկ զվարճային ծրագրի լավագույն հաղորդավար է ճանաչվել Մաքսիմ Գալկինը «Բոլորից լավը» հաղորդման համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Հավակնորդների թվում ևս 2 հայկական ազգանուն կար: «Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի ռեժիսոր» անվանակարգում եզրափակչում էր հայտնվել Կարեն Շախնազարովը «Աննա Կարենինա» ֆիլմի համար, իսկ լավագույն պրոդյուսերի տիտղոսին էր հավակնում Ալեքսանդր Ակոպովը «Եկատերինա. Վերելք» ֆիլմի համար: Սակայն նրանք չարժանացան պարգևների: