Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափը շարունակում է մնալ անփոփոխ:
«Կարևոր եմ համարում, որ բանակցությունների ձևաչափը չի փոխվել: Բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջնի միջև, ինչպես եղել է տարիներ շարունակ»,-հայտարարել է Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում կայացած հանդիպումից հետո:
Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է, որ «առաջիկայում հանդիպեն, շարունակելու համար բանակցային գործընթացը, որը պետք է միտված լինի արդյունքի»:
«Ինչպես գիտեք, ԱԳ նախարարները բանակցությունների մի քանի ռաունդ են անցկացրել: Հանդիպումը կարևոր է նրանով, որ նոր մեկնարկ է տվել բանակցային գործընթացին հարցի էության շուրջ»,-ասել է Ալիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Անդրադառնալով վստահության ամրապնդմանը՝ նա ասել է, որ դա կարող է լինել մարդկանց միջև շփումների ձևով:
Ալիևն ասել է, որ Բաքվի համար առաջնայինն այն է, որ «Երևանն անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ չի կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել գործընթացի մասին: