29 ապրիլի 2019 - 10:21 AMT
Շինաշխատանքներն Ամբերդի տարածքում դադարեցվել են

Արձագանքելով քաղաքացիների ահազանգին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի, որտեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ:Այդ մասին ասվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի՝ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ՝ հողի սեփականատիրոջն ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե»- նշված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ամբերդ միջնադարյան բերդ-ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքները՝ ամփոփված: Նախապատրաստական աշխատանքները նույնպես ավարտվել են, վերականգնումը մեկնարկելու էր 2018-ի ապրիլին։