Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ, PanARMENIAN.Net-ին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։
«Հնում կառուցված այլընտրանքային ճանապարհ կա, բայց քանդված վիճակում է գտնվում։ Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, այդքան էլ երթևեկելի չէ»,-ասաց Փարսյանը։
Հարցին, թե ինչ նորություն կա Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածներից, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, Փարսյանը նշեց, թե ճանապարհի հետ կապված «նորությունն այն է, որ այնտեղ հերթապահելու են ռուս սահմանապահները և հայ սահմանապահները»:
Փարսյանը նաև հայտնեց, որ մարզում փակ է Մ2 մայրուղին, փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները։ Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում փոխվարչապետ Ավինյանը հայտնել էր, որ սահմանապահ զորքերը երկրի սահմանների երկայնքով իրականացվում են տեղակայման աշխատանքներ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։