15 փետրվարի 2021 - 11:01 AMT
Հայ 15 ուխտավոր Դադիվանք է այցելել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք վանական համալիր են այցելել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Այցելությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, մասնակցել է 15 ուխտավոր։

«Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Անվտանգությունն ապահովելու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանական համալիրի անմիջական հարևանությամբ:

Դադիվանք վանական համալիրն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան եկեղեցականներ, որոնք շարունակում են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»: