ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է ԶՈւ բարեփոխումների փաթեթը, ՊՆ նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը։
«Ամեն մեկն իր վրայից պատասխանատվությունը գցում էր, վերջում պարզվեց, որ մեղավորը վարչապետն է։ Եթե ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակալ, պատերազմի ժամանակ պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պե՞տի, թե՞ նախարարի»,-ասել է նա։
Պապիկյանը պատասխանել է, որ ինչպես գործող, այնպես էլ նոր կարգավորումներով, յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար:
«Բայց քաղաքական պատասխանատուն պաշտպանության նախարարն է: Նոր օրենքի նախագծով հստակ նշվում է պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի լիազորությունների ու պարտավորությունների շրջանակը»,-ասել է նա։
Պապիկյանն ասել է նաև, որ մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ԶՈւ-ի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել են ՌԴ գործընկերների հետ։ Նա հավելել է, որ ՀՀ ԶՈւ նոր կառուցվածքային մոդելի համար հիմք է ընդունվել Ռուսաստանի ԶՈւ կառուցվածքը։
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին: