Տելեգրամով թմրամիջոց է ձեռք բերվել և իրացվել

Տելեգրամով թմրամիջոց է ձեռք բերվել և իրացվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ են ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով քաղաքի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ, տեղեկացնում է ոստիկանությունը:

Ճշտվել է նրա ինքնությունը, իսկ հուլիսի 6-ին Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։

Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, որ նա մինչև բերման ենթարկվելը Վանաձորի տարբեր փողոցներում արդեն իսկ տեղադրած է եղել 16 փաթեթ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները պարզել են, որ և խուզարկությամբ հայտնաբերված 14, և տեղադրած 16 փաթեթը 22-ամյա երիտասարդը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։

Պարզվել է նաև, որ նա տեղադրած ամեն փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով ստացել է 3-4 դոլար։ Երիտասարդն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքը, այսպես ասած, աշխատանքի դիմաց յուրաքանչյուր ամիս ստացել է 1000 դոլար վարձատրություն՝ հավելելով, որ ինքն այս գործունեությամբ զբաղվում է 2․5 ամիս։

22-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ցույց է տվել այն վայրերը, որտեղ թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Յոթ փաթեթ հայտնաբերվել է, 9-ը՝ ոչ. հավանաբար գնորդներն արդեն վերցրել են թմրամիջոցը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ‌

 Ուշագրավ
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
Նա ասել է նաև, որ ինքը չի հարցաքննվել
---