4 հունիսի 2024 - 18:33 AMT
Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է, որ հայկական կոնյակը կվերանվանվի Armenian brаndy։

Անվան առաջարկը եղել է մարքեթինգային ընկերության՝ «Տեկպոնի» կողմից, հայտնում է «Առավոտը»։

Նա այդ մասին խոսել է՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական կապերի հեռանկարը ՀՀ-ԵՄ խորը, համապարփակ և ընդլայնված գործընկերության ծրագրի շրջանակներում։

Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները։ Վերաբրենդավորման և բրենդի առաջ մղման աշխատանքների համար, ԵՄ-ն 2․6 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի։

Ինչ վերաբերում է ՀՀ-ին՝ ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 2․6 միլիարդ դոլարին, Գևորգ Պապոյանը մանրամասնել է, որ այդ միջոցները նախատեսված են մի քանի ծրագրերի համար՝ ճանապարհաշինարարության, գյուղացիական տնտեսությունների աջակցություն և այլն։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ լոգիստիկ կապերին, որոնք բարդացել են ՌԴ-Ուկրաինա հակամարտության արդյունքում՝ Պապոյանն ասել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և ԱՀԿ-ի կանոններով, այն երկրները, որոնք կազմակերպության անդամ են և դեպի ծով ելք ունեն, պարտավոր են դեպի ծով ելք չունեցող երկրին տալ ծովին՝ անխոչընդոտ հասանելիություն․ Թուրքիան և Վրաստանն այդ պարտավորությունը Հայաստանի հանդեպ չեն կատարում։