19 հուլիսի 2024 - 15:33 AMT
Սոբհանի․ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կլինի Թուրքիայում

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումն առաջիկայում կանցկացվի Թուրքիայում, հայտնում է իրանական SNN-ը։

Նա հիշեցրել է, որ «3+3» ձևաչափի մասնակից երկրների, բացառությամբ՝ Վրաստանի, ԱԳ նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում։

«3+3» ձևաչափի մասնակից երկրներն են ՀՀ–ն, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թոււրքիան և Իրանը։ Թեև Վրաստանն էլ է մասնակից համարվում, սակայն, հրաժարվում է մասնակցել նման ձևաչափով հանդիպումներից։

Դեսպանը նաև կարևորել է Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգությունն իրանական կողմի համար։

«Դա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դերակատարում ունի Իրանի և ՀՀ միջև առևտրի և անվտանգության ապահովման գործում»,–ասել է նա։

Նա նաև նշել է, որ Իրանի հյուպատոսության բացումը Կապանում բարելավել է սահմանային հաղորդակցությունը և նպաստում է խնդիրների անհապաղ լուծմանը։

Իրանը հյուպատոսություն է բացել Կապաբում 44–օրյա պատերազմից հետո՝ 2022–ի հոկտեմբերին։