26 սեպտեմբերի 2024 - 10:50 AMT
Դըկոտինյի․ Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը ԼՂ–ից՝ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, անդրադառնալով Արցախի հայաթափման տարելիցին, նշել է, որ մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը ԼՂ–ից։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա հավելել է, որ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում։

«Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից: Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ նրանց մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի»,–ասվում է դեսպանի հայատառ գրառման մեջ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։