15 նոյեմբերի 2024 - 15:25 AMT
Բագրատ սրբազան․ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և դա պետք է շարունակություն ունենա

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և դա պետք է շարունակություն ունենա։

«Վերաբերմունքը չի փոխվել որևէ ձևով այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողի նկատմամբ՝ ոչ իր լեգիտիմությամբ, ոչ էլ Հայաստանի շահերը սպասարկող երևույթի և մեր պահանջը հստակ կերպով շարունակվում է։ Այդուհանդերձ, եթե ինքն իրեն որպես ՀՀ-ն ներկայացնող համարում է, պարտավորություն ունի կատարելու քայլեր, որոնք ինչ-որ չափով պետք է համապատասխանեն և իրական լինեն Հայաստանի շահի համար»,- ասել է նա հարցազրույցում, գրում է Panorama.am-ը։

Սրբազանը, արձագանքելով Բաքվում տեղի ունեցող COP29-ը համաժողովին և դրա շուրջ ստեղծված իրավիճակին և հայկական կողմի մասնակցել–չմասնակցելուն, ասել է, որ գերիների վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքների գրավումն Ադրբեջանի կողմից պետք է հնչեին այնտեղից։

«Գերիների վերադարձը, ՀՀ ինքնիշխան տարածքների գրավումն Ադրբեջանի կողմից պետք է հնչեր այնտեղից, որտեղ կարծում ենք պետք է գտնվեր։ Եթե համարձակություն լիներ այդ խնդիրներն արծարծելու և ինքն իրեն համարում է Հայաստանի ներկայացուցիչ, ուրեմն դա է միակ ճանապարհը»,- ասել է նա։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից Հայաստանի ստորագրությունը հետ կանչել-չկանչելու նպատակահարմարության մասին հարցին հստակ պատասխան հնարավոր է տալ միայն դրան առնչվող բոլոր պրոցեսների մասին ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու պարագայում, հայտնում է Aysor.am-ը։

«Բազմաթիվ վերլուծություններ, քննարկումներ են եղել այս հարցի շուրջ, բայց այս բոլորն իրական է դառնում միայն այն ժամանակ, երբ տիրապետում ես տեղի ունեցածին՝ խորքային իմաստով, երբ ամբողջական տեղեկատվություն ունես։ Մենք տեղյա՞կ ենք արդյոք, թե ի՞նչ ներքին, բանավոր և այլ համաձայնություններ են եղել կամ չեն եղել։ Տեղյակ չենք, ամենը ենթադրությունների ժանրից է։ Հետևաբար, կարևոր է, որ իրական բանակցություններ տեղի ունենան՝ հասկանալու համար՝ ի վերջո, այդ ստորագրությունը պետք է մնա՞, թե՞ պետք է դադարի։ Մինչև ամբողջական տեղեկատվությունը չլինի, չհասկանանք, թե՛ շահերի սպասարկումը, թե՛ վտանգները, թե՛ սպառնալիքները, թե՛ դրանից բխող մնացած հետագա քայլերը, պարզունակ կինի բարձրագոչ հայտարարություն անել այդ թեմայով»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա շեշտել է, որ օրվա իշխանություններն ունակ չեն իրական բանակցություններ վարել, իսկ դրանք չափազանց կարևոր են, եթե ուզում ենք երկարաժամկետ, կայուն խաղաղություն ունենալ։