ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը համընհանուր հայտարարագրման հարցի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված քննարկմանն անդրադարձել է բանկային գաղտնիքի հասանելիության խնդրին։
Նա ասել է, որ եթե քաղաքացին, անհրաժեշտության դեպքում, չտա բանկային գաղտնիքը, հաջորդ փուլն այն դատարանով ստանալն է, գրում է Panorama.am-ը։
«Եթե անձի մասին ենք խոսում, ապա բանկային գաղտնիք ասելով խոսքը գնում է բանկային մուտք-ելքի պատկերացում ունենալու մասին»,- նշել է նա։
Նա հավելել է, որ ՊԵԿ-ը հասանելիություն չի ունենալու գործարքների մանրամասներին կամ այն տեղեկատվությանը, թե ում հետ են կատարվել գործարքները։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը մշտապես չունի բանկային գաղտնիքին հասանելիություն, այն ստանում է միայն ստուգումների ընթացքում։
«Մյուս կողմից ՊԵԿ-ը միշտ չունի բանկայնի գաղտնիքին հասանելիություն, այն ստանալու է ստուգման ժամանակ: Երբ ստուգում է բացվում, ստուգողն իրավունք ունի քաղաքացուց հարցում անելու և ստանալու բանկային գաղտնիքի մասին տեղեկատվությունը՝ մուտք-ելք, մի թվով առանց խորանալու գործարքների մեջ։ Եթե քաղաքացին չտա բանկային գաղտնիքը, հաջորդ փուլն այն դատարանով ստանալն է»,- ասել է Հակոբյանը։
Եկամուտների հայտարարագրի ներկայացման ժամկետ էր սահմանված մայիսի 1–ը, որը, սակայն, հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները։