22 փետրվարի 2025 - 10:19 AMT
Ձյան պատճառով ընկնելու բուժման ծախսերը կփոխհատուցվեն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածք ստացած անձանց բուժօգնության ծախսերը կփոխհատուցվեն պետական պատվերի շրջանակում։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նախարարը։

Առատ ձյունը լուրջ դժվարություններ է առաջացրել մայրաքաղաքում։ Փետրվարի 20-ի երեկոյան փողոցներում երթևեկությունը գրեթե կանգ էր առել, ինչը խցանումների ու վթարների է հանգեցրել։ Ձյան տեղումները կշարունակվեն նաև փետրվարի 22–ին և 23–ին։