2 սեպտեմբերի 2009 - 20:39 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին Արձանագրություններում խոսք անգամ չկա Կարսի պայմանագրի մասին
Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններում հստակ ասվում է, որ կողմերը հարգում են միջազգային նորմերն ու սկզբունքները: Արձանագրություններում Կարսի պայմանագրի մասին չի հիշատակվում, եւ պետք չէ այդ փաստաթղթերում փնտրել այն, ինչ չկա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչ վերաբերում է միջկառավարական հանձնաժողովին, ապա բազմիցս նշվել է, որ այն քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների բոլոր հարցերը: Նրա կազմի մեջ մտնելու են առանձին ենթահանձնաժողովներ, եւ նրանցից մեկը պատմական հարթության երկխոսության հիման վրա զբաղվելու է երկու երկրների միջեւ փոխվստահության վերականգնման հարցերով»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, բանակցություններում Հայոց ցեղասպանության փաստի քննարկման հարցը չի բարձրացվել եւ դրա մասին Արձանագրություններում չի հիշատակվում: