24 դեկտեմբերի 2011 - 10:16 AMT
Տասնյակ ռուսական քաղաքներում տեղի կունենան բողոքի հանրահավաքներ ընդդեմ ընտրությունների արդյունքների

Շաբաթ օրը տասնյակ ռուսական քաղաքներում տեղի կունենան բողոքի հանրահավաքներ ընդդեմ Պետդումայի ընտրությունների արդյունքների՝ պահանջելով չեղյալ հայտարարել դրանք:

Ամենամեծ հանրահավաքը կսկսվի Մոսկվայում Սախարովի հրապարակում ժամը 2-ին: Իշխանություններն արտոնել են շուրջ 50 000 մարդկանց մասնակցությամբ հավաքը: Facebook-ում հանրահավաքին իրենց մասնակցությունն է հաստատել մոտ 47 000 մարդ: Եվս 9 500 հայտնել է, որ իրենց մասնակցությունը հավանական է:

Մինչդեռ, Վլադիվոստոկում ակցիան արդեն ավարտվել է: Ըստ կազմակերպիչների, հավաքին մասնակցել է 150 մարդ, ըստ ոստիկանության տվյալների՝ 30:

Սախարովի հրապարակում կայանալիք հանրահավաքին կմասնակցեն ՌԴ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև ՀԿ-ներ և քաղաքական հոսանքներին չհարող մարդիկ:

Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը 15 օր անցկացրեց մեկուսարանում, դարձավ երկու կողմերի միջև երկխոսությունն ապահովող գլխավոր անձը: Հենց նրա անունն էր գլխավորում այն մարդկանց ցուցակը, որոնց ինտերնետ օգտատերերի մեծ մասը կցանկանար խոսք տալ դեկտեմբերի 24-ի հանրահավաքում: