Ծանոթանալով կինոցանկին` PanARMENIAN.Net-ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք կարելի է դիտել հուլիսին Երևանի կինոթատրոններում:
«Հանճարը» (օրիգ. անվանումը` Genius)
Դրամա, կենսագրություն, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսոր` Մայքլ Գրանդաջ
Դերերում` Նիքոլ Քիդման, Վանեսսա Քիրբի, Ջուդ Լոու, Գայ Պիրս, Լորա Լիննի, Քոլին Ֆերտ
Պրեմիերան Երևանում հուլիսի 7-ին
Ոչ, սա Թեոդոր Դրայզերի վիպաշարի էկրանավորումը չէ: Դերասան Մայքլ Գրանդաջի դեբյուտային նախագիծը պատմում է երկու շատ տաղանդավոր մարդկանց` գրող Թոմաս Վուլֆի և աշխարհի համար մեծ վիպասաններ Ֆիցջերալդին և Էռնեստ Հեմինգուեյին բացահայտած հրատարակիչ Մաքս Փերքինսիբարդ ընկերության մասին: Դերասանական հիանալի աշխատանքների մի ամբողջ հավաքածուն, նրբաճաշակ դրամատուրգիան և լավ ռեժիսուրան թույլ են տալիս հանդիսատեսին բացահայտել մեծ ու մի քիչ խենթ ստեղծագործողների աներևակայելի աշխարհը:
«Ծանծաղուտ» (օրիգ. անվանումը` The Shallows)
Սարսափ, թրիլեր, դրամա, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսոր` Հաումե Կոլյետ Սերա
Դերերում` Բլեյք Լայվլի, Օսկար Հաենադա, Բրետ Քալեն, Սեդոնա Լեջե
Պրեմիերան Երևանում հուլիսի 7-ին
Կամերային սարսափի հեռանկարային ժանրը, որը պահանջում է առաջին հերթին, մեծ դերասանական վարպետություն (ժանրը նաև «մեկ դերակատարի սարսափ» են անվանում), կարող է վերադառնալ կամ հաղթանակած, կամ կձախողվի: Իսպանացի Հաումե Կոլյետ Սերան, որն աղմուկ հանած «Խավարի մանուկը» թրիլերի հեղինակն է, որոշել է հետևել մեծն Սփիլբերգի օրինակին և ֆիլմ ստեղծել մարդկային ինտելեկտի և ամենաարյունարբու գիշատիչներից մեկի` մեծ սպիտակ շնաձկան պայքարի մասին: Արյան ծովերն ու սասփենսի հարվածային չափաբաժիններն ապահովված են:
«Սառցե դարաշրջանն. Բախումն անխուսափելի է» (օրիգ. անվանումը` Ice Age: Collision Course)
Համակարգչային անիմացիա, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսորներ` Մայք Թյորմայեր, Գալեն Տ. Չու
Դերերում` Ռեյ Ռոմանո, Ջոն Լեգուիզամո, Դենիս Լիրի, Քուին Լատիֆա
Պրեմիերան Երևանում հուլիսի 14-ին
Ամենափոքր կինոդիտողների համար սա սառցե դարաշրջանի կենդանիների մասին պատմող արդեն մի փոքր ձանձրալի դարձած ֆիլմաշարի 5-րդ մասն է: Որպես միանգամայն լուրջ, շեքսպիրյան կրքերով անիմացիոն դրամա մեկնարկած «Սառցե դարաշրջանը» շատ արագ վերածվեց անհոգի հոսքագծի, որը պարբերաբար ներկայացնում է տպավորիչ հատուկ էֆեկտներով հերթական «փուչիկը»: Այս անգամ պոպոքը որսալու Սկրատի ձգտումը բերում է նրան բաց տիեզերք, որտեղ նա Արեգակնային համակարգ է ստեղծում: Նրա գործողությունների հետևանքով Երկրին երկնաքար է մոտենում: Մեննին, Սիդը, Դիեգոն և հոտի մյուս մասը պետք է լքեն տներն ու նոր տան որոնումներ սկսեն:
«Սթարթրեկ. Անվերջություն» (օրիգ. անվանումը` Star Trek Beyond)
Գիտական ֆանտաստիկա, արկածներ, մարտաֆիլմ, ԱՄՆ, 2016թ.
Ռեժիսոր` Ջասթին Լին
Դերերում` Քրիս Փայն, Զաքարի Քուինտո, Զոի Սալդանա, Իդրիս Էլբա, Անտոն Ելչին
Պրեմիերան Երևանում հուլիսի 21-ին
Ամռան գլխավոր բլոկբասթերի ուղին մթագնեց տաղանդավոր երիտասարդ դերասան Անտոն Ելչինի ողբերգական մահը, որը կատարում է օդաչու-նավիգատոր Պավել Չեխովի դերը: 190-միլիոնանոց հսկան այս անգամ վստահվել է «Ֆորսաժների» անփոփոխ հեղինակ Ջասթին Լինին (Ջեյ Ջեյ Աբրամսը տեղափոխվել է մրցակից ֆիլմաշար): Որոշվել էր ստեղծել մի ֆիլմ, որը մոտ կլինի կանոնին` «էնթերփրայզի» անձնակազմը կդեգերի տիեզերքում` որոնելով կյանքի նոր ձևեր, և, անշուշտ, նոր սպառնալիքների հանդիպելով:
«Նեոնային հրեշը» (օրիգ. անվանումը` The Neon Demon)
Սարսափ, թրիլեր, դրամա, Ֆրանսիա, Դանիա, ԱՄՆ, 2016 թ.
Ռեժիսոր` Նիկոլաս Վինդինգ Ռեֆի
Դերերում` Էլ Ֆաննինգ, Կառլ Գլուսման, Ջենա Մելոուն, Բելլա Հիթքոթ, Էբբի Լի
Պրեմիերան Երևանում հուլիսի 28-ին
Դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆին բավականին ինքնատիպ կերպար է, որին հատուկ են վայրիվերումները: Միանգամայն հիասքանչ «Դրայվի» հետ մեկտեղ նա նաև անհամ ու անհասկանալի «Միայն աստված կների» դրամայի հեղինակն է: Սակայն, նրա բոլոր գործերին հատուկ է խորը փիլիսոփայականությունն ու նուրբ ճաշակը: Երբ սկսնակ մոդել Ջեսսին տեղափոխվում է Լոս Անջելես, նա հայտնվում է գեղեցկությամբ մոլի տարված մի խումբ աղջիկների տեսադաշտում, որոնք պատրաստ են ամեն ինչի Ջեսիի երիտասարդությունն ու կենսական ուժը ստանալու համար: