ԵՀՄՖ-ն ներողություն է պահանջում Հունգարիայի վարչապետից

ԵՀՄՖ-ն ներողություն է պահանջում Հունգարիայի վարչապետից

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր Բրատիսլավայում անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Ադրբեջանի և Հունգարիայի հետ տեղի ունեցած կոնֆլիկտին ու մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության սխալ մեկնաբանությունների շուրջ: Պարզվեց, որ սխալ մեկնաբանությունները տարածել է Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալությունը /SITA/, որը իր հաղորդագրությունը կազմել էր արևմտյան մամլո գործակալությունների տված տեղեկատվությունների հիման վրա: ԵՀՄՖ-ի նախագահը բացատրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երբևիցե հայտարարություն չի արել, թե Հայաստանը պատրաստ է հարձակվելու Ադրբեջանի վրա, այլ հակառակը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հաղթելու իրեն հարկադրված պատերազմին, եթե հանկարծ Ադրբեջանն այդպիսի փորձ կատարի: Պարոն Գրիգորյանը պայմանավորվեց Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալության գլխավոր տնօրեն Իվան Սամելի հետ, որ գործակալությունը կթողարկի հաղորդագրություն` հերքելով իր նախորդ սխալ տեղեկատվությունը:

Ինչպես ասվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ, պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը պատրաստվում է ամենաբարձր միջազգային իրավական ատյաններում քննարկել Հունգարիայի կողմից պետական մակարդակով կոռուպցիայի իրականացման փաստը և միաժամանակ հայտնեց կասկած, որ կան լուրջ նախադրյալներ նաև հունգար բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած անձնական շահագրգռվածությունների շուրջ: Ըստ Ա. Գրիգորյանի խիստ կասկածելի է ոչ միայն վարչապետ Օրբանի կարճ ժամանակահատվածում Բաքու կատարած կրկնակի այցերն, այլև Հունգարիայի մյուս գերատեսչությունների ղեկավարների հաճախ այցերն Ադրբեջան: Պարոն Գրիգորյանի հայտարարությունը գործակալությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները ընկալեցին որպես սենսացիոն, որտեղ առաջին անգամ կասկած է հայտնվում ոչ միայն պետական կոռուպցիայի շուրջ, այլ նաև պետական ղեկավարների անձնական շահագրգռվածության շուրջ:

Նաև ավելացնենք, որ ԵՀՄՖ-ի հետ աշխատող իրավաբանները պարզել են, որ Ադրբեջանի կողմից կազմակերպածն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավաբանական սահմանմանը, քանի որ.

1. մարդասպանը իր ծառայության ժամանակ իրականացրել է սպանություն, որը կարելի է համարել ռազմական առաջադրանք:

2. մարդասպանը վերապատրաստվել էր թուրքական ռազմական բազաներում, որտեղ պատրաստում են ահաբեկիչներ:

3. Ադրբեջանը նախագահի մակարդակով տրված առաջադրանքի կատարման համար խոստացել էր մարդասպանին ազատել ազատազրկումից և տալ ֆինանսական փոխհատուցում ու ռազմական պարգևներ. այն ինչ որ ամբողջովին կատարվեց:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---