Հունվարի 21-ին դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուի հետ (Daniel Barbu):
Գործնական և բաց զրույցի ընթացքում գոհունակությամբ նշելով երկկողմ պարբերական շփումների առկայությունը և կարևոր իրադարձություններով լի մշակութային կյանքը` կողմերը մանրամասն քննարկեցին ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ միջոցառումների, մասնավորապես, ընթացիկ տարում Բուխարեստում միջազգային գիտաժողովի անցկացման և Բուխարեստի Արվեստի ազգային թանգարանում ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների վիճակը և պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա անելիքների շուրջ:
Բարձր գնահատելով Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև «Մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» 2011-2015թթ. ծրագիրը, որը, ըստ ռումինական կողմի, ամենահագեցածներից է, զրուցակիցներն անդրադարձան նախանշված ուղղություններով համապատասխան միջոցառումների իրականացման հեռանկարներին: Այս առումով նպաստավոր օղակ համարվեց Բուխարեստում և ռումինական այլ քաղաքներում գործող հայկական թանգարանների և մշակութային միությունների գործող ցանցը, ինչպես նաև ռումինական տարբեր հաստատություններում պահվող հայերի վերաբերյալ հարուստ նյութերը և հայկական արժեքները, որոնց ուսումնասիրման, պահպանման և վերարժեքավորման համար պահանջվում են համատեղ ջանքեր:
Ուրվագծվեցին նաև թատրոնի, կինոյի և գրականության բնագավառներում մի շարք համատեղ ծրագերի իրականացման հեռանկարները:
Դեսպանը Դանիել Բարբուին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը Հայաստան պաշտոնական այց կատարելու վերաբերյալ, որը ռումին նախարարն ընդունեց պատրաստակամությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: