13 փետրվարի 2006 - 15:41 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեւական է լինելու, գտնում է հայ պատգամավորը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեւական բանակցային գործընթաց է: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին հարցերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Մ.Շահգելդյանը նշել է, որ ինքը տեղեկություններ չունի այն մասին, թե բանակցությունները փակուղի են մտել: «Մենք դրական ենք գնահատում միջազգային կազմակերպությունների շահագրգռվածության աճը հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է նա: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նշել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP) միանգամայն իրատեսական փաստաթուղթ է: «Ծրագրում նշված նպատակները, միջոցները եւ ժամկետները համապատասխանում են միջազգային կառույցների պահանջներին»,-ասել է Մ.Շահգելդյանը:

Նրա խոսքերով, ծրագիրը շոշափում է ոչ միայն ռազմական ոլորտը, այլ նաեւ ներառում է պետության եւ հասարակության զարգացման եւ բարեփոխման հարցերը: «Դրանք պետական կառույցների ձեւավորման եւ ամրապնդման, հասարակության պաշտպանվածության մակարդակի բարձրացման, գիտության զարգացման, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր են»,-նշել է նա: Նա նաեւ ընդգծել է, որ ծրագրի կարեւոր բաղադրիչներից է երկրի ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը, որին լայնորեն ներգրավված է նաեւ հայկական խորհրդարանը: