23 օգոստոսի 2013 - 13:51 AMT
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է e-payments.am պետվճարումների համակարգի նոր ծառայությունը

Օգոստոսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներկայացվեց e-payments.am պետական վճարումների էլեկտրոնային համակարգը նոր ծառայությամբ: Ինչպես հայտնեց նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը, համակարգը թույլ է տալիս ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին, մանր ու միջին ձեռնարկատերերին այսուհետ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները կատարել էլեկտրոնային եղանակով՝ առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակի:

Այդ կապակցությամբ Ժիրայր Տիտիզյանը նաև նշել է, որ համակարգը թույլ է տալիս վճարումները կատարել դրամով, ինչպես նաև օգտվել PayPal վճարային համակարգից ու հաշիվները վճարել դոլարով կամ եվրոյով:

Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ համակարգի միջոցով կարելի է էլեկտրոնային եղանակով վճարել ՀՀ օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը, ինչպես նաև վարչական տուգանքները: