2014 թվականին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը շահագործման կհանձնի 81 հատուկ կենտրոն ապօրինի միգրանտների համար: Այդ մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Ըստ նրա, կենտրոնների կեսը զրոյից կստեղծվի, իսկ երկրորդ կեսը կտրամադրի ոստիկանությունը: Հատուկ կենտրոնների կառուցումն ու հագեցումը կիրականացվի շրջանային բյուջեների հաշվին: «Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա ներգաղթյալների կենտրոնների խիստ պակաս է զգացվում: Մոսկվայի ԴՄԾ պետը պայքարում է դրանց քանակն ավելացնելու համար: Քաղաքի ղեկավարությունը մեզ չի լսում և չի օգնում»,-ասել է Ռոմոդանովսկին:
Նա նշել է, որ դեմ է ժամանակավոր խոշոր ճամբարների ստեղծմանը՝ 2013թ. օգոստոսին Մոսկվայում «Գոլյանովո» Ճամբարի նմանությամբ: «Դա ժամանակավոր և ոչ քաղաքակիրթ մոտեցում է, որը լավ արդյունք չի տա, միայն կվնասի: Պետք է ամեն ինչ անել հիմնավոր, օրինական, որպեսզի մարդիկ այնտեղ մարդ մնան, ոչ թե պահվեն կենդանիների նման»,-ասել է նա:
Բացի այդ Ռոմոդանովսկին մեկնաբանել է միգրանտների գործած հանցագործությունների վիճակագրությունը, ըստ որի մոսկվացիները կատարում են հանցագործությունների 52 տոկոսը, իսկ եկվորները՝ 48 տոկոսը: Ընդ որում, եկվոր ասելով հասկանում են ինչպես օտարերկրացիներին, այնպես էլ այլ շրջանների բնակիչներին: Օտարերկրյա քաղաքացիները կատարում են հանցագործությունների 20 տոկոսը:
2013 թվականի օգոստոսին Մոսկվայում ստեղծվեց «Գոլյանովո» ապօրինի միգրանտների ճամբարը՝ ոստիկանության կողմից բերման ենթարկված ներգաղթյալների համար: Հիմնականում դրանք Վիետնամի քաղաքացիներ էին, որոնք աշխատում էին ընդհատակյա արտադրություններում: Զանգվածային շուրջկալների համար առիթ հանդիսացավ ծեծկռտուքը Մոսկվայի Մատվեևսկի շուկայում, երբ Դաղստանից եկած ներգաղթյալը վնասվածք հասցրեց ոստիկանին: