10 դեկտեմբերի 2015 - 14:27 AMT
Փախստականներ տեղափոխող խորտակված լաստանավում 4 հայ կար. Նրանց ճակատագիրն անհայտ է

Մեկ շաբաթից ավելի է` Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին անհետացած սիրիահայ Թալին և Հովհաննես Թեքեյանների, նրանց 10-ամյա որդու` Վահան Թեքեյանի և Թալին Թեքեյանի մոր` Սեդա Բաթրունյանի ճակատագրերն անհայտ են մնում: Նրանց փնտրելու հարցով, ինչպես նաև, խորտակված լաստանավից փրկված Թեքեյանների 19-ամյա դստեր` Արինա Թեքեյանի հետագա ճակատագրով հետաքրքրվում է Պոլսո հայոց պատրիարքությունը:

Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն ասել է, որ հեռախոսային կապի մեջ է Իզմիրում գտնվող Արինայի և նրա մորաքրոջ` Նաիրի Բաթրունյանի հետ և սպասում է, որ վերջնական վճռեն Արինայի մնալու վայրը, ըստ այդմ էլ կկարգավորվեն փաստաթղթային հարցերը, գրում է «Արևելք»-ը:

«Պատրիարքությունը պատրաստ է բոլոր միջոցներով օժանդակել Արինային, եթե խնդիրներ լինեն` Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության միջոցով կլուծենք»-ասել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդը:

Աթեշյանը նաև տեղեկացրել է, որ Իզմիրին մոտ գտնվող տարածքում, որտեղ, ամենայն հավանականությամբ ընկղմվել է լաստանավը, ոստիկանությունն արդեն երեք դիակ է հայտնաբերել, սակայն Նաիրի Բաթրունյանը հայտնել է, որ իրենց հարազատներինը չեն:

Բաթրունյանի խոսքով` օր-օրի սպասում են նորությունների, ոստիկանությունը տեղյակ է իրենց հարազատների կորստի մասին, սակայն որոնողական բոլոր աշխատանքներն առայժմ ապարդյուն են:

Անհետացած չորս հայը ծովային ճանապարհով Եվրոպա հասնող փախստականների լաստանավով ուղևորվում էին Գերմանիա:

Ըստ Բաթրունյանի, փախստականներ տեղափոխող լաստանավում 14 հոգի է եղել, 6 (որոշ տվյալներով` 7) հոգի է փրկվել, որոնցից մեկն էլ Արինա Թեքեյանն է:

Հունաստանի հայկական համայնքում նույնպես տեղյակ են հայ ընտանիքի չորս անդամի անհետացման մասին: Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը հայտնել է, որ Հունաստանի իրավապահ մարմիններին են փոխանցվել անհետացած հայ ընտանիքի անդամների անուններն ու նկարագրությունները, տեղեկությունների դեպքում հայտարարություն կարվի, սակայն ըստ նրա, հունական կողմից որևէ տեղեկություն նույնպես չկա:

Թեքեյաններն ունեն ևս մեկ դուստր, որ սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկում:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Պատերազմի ընթացքում Սիրիայից Հայաստան է տեղափոխվել մոտ 17.000 հայ: < /i>

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: